BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Երկընտրանք, որի լուծման հրատապությունը որևէ կասկած չի հարուցում

Երկընտրանք, որի լուծման հրատապությունը որևէ կասկած չի հարուցում
10.05.2017 | 00:07

Այս հրապարակման վերտառությունում փաստված խնդրի լուծումը, սակայն, կախված որևէ մարդու գիտակցության և ինքնագիտակցության մակարդակից, շատ հաճախ լինում է ո՛չ կյանքի օգտին: Կյանքը մեր ծննդյան պահից մինչև մեր մահվան պահն ընկած մի ժամանակահատված է. գիտակցական կյանքը սկսվում է ծննդից շատ ավելի ուշ, իսկ ինքնագիտակցական կյանք ոչ բոլորին է հաջողվում ապրել, շատ շատերն էլ, ցավոք, իրենց և այլոց կյանքը վերածում են մի ամբողջ կյանք տևող ժամանցի:


Երբ մենք սխալ ենք ծախսում ժամանակը, մենք այն վատնում ենք, իսկ երբ սխալ ենք ապրում կյանքը, մենք այն կորցնում ենք, քանի որ նրա ամեն մի վայրկյանը անդառնալի է, և ոչ միայն. այս երկրավոր կյանք-ուռկանը հավիտենական կյանքը որսալու համար է մեզ տրված, և եթե այն չպահենք ու չպահպանենք պատշաճ կերպով, կպատռվի, և մեր որսը կլինի ոչ թե հավիտենական կյանքը, այլ մի մեծ, անդառնալի կորուստ: Այս կյանքի իմաստի, նշանակության և բուն նպատակի թյուրըմբռնման հիմնական պատճառը հոգու անմահության, հանդերձյալ կյանքի և երկնքի արքայության հանդեպ թերահավատ վերաբերմունքն է: Մարդիկ ձգտում են «իմաստալից» ապրել իրենց կյանքը, արդյունքում պարզապես ուրախ ժամանակ են անցկացնում, ժամանակ, որ առանց լրացուցիչ օժանդակության էլ բավականին արագ է անցնում, ժամանակ, որ հենց իրենց կյանքն է: Մյուս գլխավոր պատճառն այն է, որ մարդիկ սխալ են ըմբռնում կամ չարաշահում են Աստծո ողորմությունը: Աստված սիրում է մարդուն և ողորմած է մեղավոր մարդու հանդեպ, սակայն անզիջում ու անողոք է բուն մեղքի հանդեպ: Եթե որևէ մեկը կամենում է Աստծո ողորմությանը արժանանալ, պետք է ինքն իրենից զատի մեղքը, որովհետև անհնար է, որ ողջերի երկրում տեղ ունենա մահը, կամ նրա պատճառը (մեղքը) կրողը:

Մարդիկ էլ կան, որ կարծում են, թե ապաշխարելու համար իրենք բավական ժամանակ կունենան, քանզի ուշանում է Տիրոջ երկրորդ գալուստը, նրանք ծաղրանքով հարցնում են. «Ո՞Ւր է նրա գալստյան խոստումը, քանի որ նախահայրերի ննջելուց հետո ամեն ինչ այն նույն ձևով է մնում, ինչպես էր արարչագործության սկզբից» (Բ. Պետրոս 3.4): Սակայն նախ պետք է իմանալ` Տիրոջ համար մեկ օրը՝ ինչպես հազար տարի է, և հազար տարին՝ ինչպես մեկ օր:
Տերը չի ուշացնի իր խոստումը, ինչպես կարծում են ոմանք, թե ուշացած է, այլ «համբերատար է ձեր հանդեպ, քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքը ապաշխարեն» (Բ. Պետրոս 3.8-9)։


Մեծ մտավոր ջանքեր պետք չեն հասկանալու համար, որ եթե Տերը նույնիսկ միլիարդ տարի հետո էլ գա, մեր յուրաքանչյուրի ապաշխարության համար սահմանված Նրա ողորմության ժամկետը շատ կարճ է` մեր երկրավոր կյանքը: Անհնար է այս կյանքում աշխարհին նվիրվել, իսկ այն կյանքում` Քրիստոսին, անհնար է այս կյանքում աշխարհը վայելել, իսկ հանդերձյալում` Աստծո արքայությունը: Եթե մենք ուզում ենք Աստծուն հասնել, պետք է նախ գնանք առ Աստված և պետք է ընտրենք ճիշտ ճանապարհը. «Մի՛ խոտորվիր ո՛չ դեպի աջ և ո՛չ էլ դեպի ձախ. ոտքդ հե՛տ դարձրու չար ճանապարհից: Դեպի աջ տանող ճանապարհները գիտի Աստված, բայց դեպի ձախ տանող ճանապարհները մոլոր են, և Աստված ինքն էլ կուղղի քո շավիղները և խաղաղությամբ քեզ կառաջնորդի քո ճանապարհներով» (Առակաց. 4.27):


Դեպի աջ տանող ճանապարհը ինքնարդարացման ճանապարհն է, դեպի ձախ տանող ճանապարհը` անզգամության ու ամբարտավանության ճանապարհն է, սակայն առ Աստված կարելի է հասնել միայն ուղիղ` ապաշխարության ճանապարհով: Մեր անցնելիք ճանապարհը լայն, ասֆալտապատ մի պողոտա չէ, այն դժվարանցանելի մի զառիթափ է: Մեր ճանապարհը վերելքի ճանապարհ է` կյանքի ճանապարհ, որով քայլելն է հենց մեր կյանքի նպատակը, քանզի այն կյանքից կյանք տանող ճանապարհ է, և ափսոս չէ այն անցնելու համար տրամադրել այն ամբողջ ժամանակը, որը հենց մեր կյանքն է:


Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 1769

Մեկնաբանություններ